10/10/2018 15:20
Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է. Էդուարդ Շարմազանովն՝ Անթալիայում (Տեսանյութ)
Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է, Անթալիայում ընթացքով Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովի իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաներն են։ Այս առումով շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ և բազմակողմ համագործակցության ճանապարհին։ Ցավոք, Թուրքիան՝ երկիրը, որը կազմակերպել է նման կարևոր ու ներկայացուցչական միջոցառում, 1993թ.-ից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ։ Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների։ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է», - ասել է Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծել է՝ Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում, բայց Եվրասիայում կան շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում և երկարատև խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարևորագույն հարցերից մեկը։ Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության և կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ մայրցամաքում։ Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ, քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա», - ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակն՝ ավելացնելով.
«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն չէ, ինչպես ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի, ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է, հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է»։
Էդուարդ Շարմազանովը փոխանցել է Հայաստանի պատրաստակամությունը 2020թ.-ին Եվրասիայի խոսնակների հաջորդ համաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ։