10/10/2018 17:43
Երևան կժամանեն Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ»-ը
«Երևանյան Հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով՝ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ միասին:
«Ալտի արքա, աշխարհի խոշորագույն ապրող երաժիշտներից մեկը», ըստ «Դը Թայմզի», հոկտեմբերի 15-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի:
Դարաշրջանի ֆենոմեն հանդիսացող Բաշմետը հաղորդել է ալտ երաժշտական գործիքին նոր կարևորություն և դարձել ներշնչանքի աղբյուր ժամանակակից կոմպոիզտորների համար, որոնք շուրջ վեց տասնյակ կոնցերտ են գրել հատուկ նրա համար: Բազմատաղանդ երաժիշտը Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի երկակի դերում։