10/10/2018 18:08
Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նվազել են. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը դրական է գնահատել Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումն իր մեջ դրական ազդակ ունի։ Այդ հանդիպումից հետո, մենք նկատում ենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում»,- Բաքվում բրիֆինգի ժամանակ ասել է Ջ. Քենթը, փոխանցում է «Интерфакс»-ը։
Նրա խոսքով՝ Պետդեպը կոչ է անում կողմերին շարունակել հետևյալ կուրսը։
«Կարևոր է նաև նվազեցնել կողմերի ագրեսիվ հայտարարությունները։ Նման հռետորաբանությունը չի նպաստում խաղաղությանը», - նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:
«Ես ինքս ականատես էի, թե քանի անգամ են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը մոտեցել միմյանց և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Արդյունքներն ակնհայտ են, այժմ հակամարտության տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն նվազել է», - ասել է Ս.Լեբեդևը լրագրողներին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների միջև այս ընդգրկուն շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա հակամարտության կարգավորման համար», - ասել է Լեբեդևը: