13/10/2018 11:55
ՀՔԾ պետը Մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում
Մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում ակտիվ նախաքննական փուլում է, կատարվում են քննչական գործողություններ՝ ամենօրյա ռեժիմով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նա, սակայն, հրաժարվեց հայտնել մանրամասներ, թե հատկապես ինչ քննչական գործողություններ են կատարվում և ովքեր են հարցաքննվել։
«Երբ մենք կարիք զգանք հրապարակելու, կհրապարակենք», - ասաց նա։
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու փորձ անելու համար։