15/10/2018 14:23
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին աննախադեպ թվով հայտեր են ներկայացվել
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթը: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև` Արևելյան Եվրոպայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող:
Այս տարի միջազգային մրցույթին ներկայացվել է բացառիկ՝ 10 հազարին մոտ հայտ, բայց կատարվել է խիստ ընտրություն և ընտրվել են 30 գեղեցկուհիներ, ովքեր և կժամանեն մեր երկիր:
Հայաստանը, որպես հյուրընկալող և կազմակերպիչ կողմ, կներկայացնեն 3 մոդելներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:
Մասնակիցները բացի բուն մրցույթից, նաև հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:
Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառմանը հանդես կգան արտերկրից ժամանած հայտնի և սիրված երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր:
Միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր աշխարհի տարբեր երկրներից:
Եզրափակիչ փուլի ընթացքում համալիրի բեմը հագեցած կլինի ժամանակակից դեկորացիաներով և լուսաձայնային բացառիկ տեխնիկայով՝ կահավորված Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից: