15/10/2018 11:43
«Շրջիկ նյուզռում». ուսումնական նոր ծրագիր` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տասը ուսանողի մասնակցությամբ մեկնարկում է ուսումնական նոր ծրագիր, ըստ որի ապագա լրագրողները և գործող լրագրողները միասին կաշխատեն դեպքի վայրում, պրոֆեսիոնալ օպերատորների հետ ռեպորտաժներ կպատրաստեն:
«Շրջիկ նյուզռում» նախաձեռնության հեղինակը հեռուստալրագրող Արտակ Հերիքյանն է, որն այս սեպտեմբերից դասավանդում է ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Ծրագրի առաջին ուղղությունը Տավուշն է, որտեղ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչների օգնությամբ ուսանողները երկու օր նկարահանումներ կանցկացնեն և կպատրաստեն հաղորդում: Դա կլինի նրանց կուրսային աշխատանքը: Առավել հաջողված պատմությունները կարող են ցուցադրել այն հեռուստաընկերությունները, որոնց ներկայացուցիչները կմասնակցեն ծրագրին:
Ժուռնալիստիկայի ֆրանսիական դպրոցների կրթական ավանդույթների վրա հիմնված ծրագրի առաջին հովանավորը ֆրանսահայ բարերար, Արտասահմանում ֆրանսիացիների միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռայմոն Եզեգելյանն է:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը և ամեն տարի ֆինանսավորել ֆակուլտետի հետ Արտակ Հերիքյանի ուսումնական ծրագրերը: