16/10/2018 18:27
Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանի վարչակազմի նոր ղեկավար է նշանակել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան Սարգսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սուրեն Խաչատրյանին՝ երկարամյա գործունեության համար:
Այցի շրջանակներում երկրի ղեկավարը եղել է Բերձորի շրջանային հիվանդանոցում, զրուցել բուժանձնակազմի հետ և ծանոթացել նոր մասնաշենքի շինարարության ընթացքին:
Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է նաև Հագարի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարևորել է ռազմավարական այս ծրագրի պատշաճ մակարդակով իրականացումը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրամաս: