16/10/2018 17:07
Բուլղարիան պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության բնագավառում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովը այսօր հանդիպման ժամանակ քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում, հատկապես` ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակումը:
Դեսպանը արտահայտել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դրա արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաև պաշտպանության նախարարների և զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի փոխադարձ այցելությունները և կարծիքների փոխանակումը երկկողմ ու բազմակողմ համագործակցության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: