16/10/2018 11:50
Կարեն Նազարյանն ու Վերենա Թեյլորն ամփոփել են 2015-2018 թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստանում էր գտնվում Երևանում նույն օրերին անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցության շրջանակում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱԳ փոխնախարար Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Թեյլորը հանգամանալիորեն քննարկել են Եվրոպայի խորհրդի և Եվրամիության հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն լավ կառավարման համար» ծրագրի առաջին փուլի՝ 2015-2018 թթ. արդյունքները և հաջորդ՝ 2019-2021 թթ. փուլի ոլորտային ծրագրերը, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով ԱլԳ բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում ընդունված «20 թիրախային արդյունքներ մինչև 2020 թ.» փաստաթուղթը։
Անդրադառնալով «Գործընկերություն լավ կառավարման համար» 2019-2021 թթ. ոլորտային ծրագրերին՝ Նազարյանն արժևորել է դրանք՝ միտված ՀՀ նոր կառավարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումներին։
Ողջունելով հաջորդ եռամյա փուլի ոլորտային գերակայությունները, որոնց թվում են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց իրավունքների և խտրականության դեմ պայքարի ծրագրերը՝ զրուցակիցները միաժամանակ կարևորել են դրանց հավասարաչափ բաշխվածությունն՝ ըստ ազգային և տարածաշրջանային բաղադրիչների։
Նույն օրը Երևանում ՀՀ իրավասու գերատեսչությունների և մարմինների պատասխանատուների և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գործընկերություն լավ կառավարման համար» միջգերատեսչական ամենամյա նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2015-2018 թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը և քննարկվել 2019-2021 թթ. նախատեսված գերակա ուղղությունները։