16/10/2018 11:58
Թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն սահմանադրական կարգի խախտումներ. Վանեցյան
Ուժային կառույցները միշտ աշխատում են արտակարգ ռեժիմով, մենք կատարում ենք մեր պարտականություններն օրենքի շրջանակում և կատարելու ենք շատ բարեխիղճ և շատ լավ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե հակահեղափոխության վտանգներ ԱԱԾ-ն տեսնում է, Արթուր Վանեցյանը պատասխանեց.
«Վտանգները միշտ կան։ Մենք միշտ այն տեսակետին ենք, որ չպետք է թուլանալ և մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի ՀՀ տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որը կապված է ձեր նշած դեպքերի հետ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ԱԱԾ խնդիրներից մեկը նաև սահմանադրական կարգի պահպանությունն է։
«Ես հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին և թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը», - նշեց ԱԱԾ տնօրենը։