16/10/2018 12:25
Վանեցյանը հերքում է, որ Ֆելիքս Ցոլակյանն իր քավորն է, իսկ քենակալի՝ նախարար նշանակվելու հետ ինքը կապ չունի (Տեսանյութ)
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց մամուլում հրապարակված լուրը, թե արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր քավորն է։
«Ֆելիքս Ցոլակյանն Ազգային անվտանգության ծառայության հին աշխատողներից է եղել։ Երբ ես ընդունվել եմ ԱԱԾ, ինքը եղել է ԱԱԾ արդեն իսկ բարձրաստիճան պաշտոնյա։ Ֆելիքս Ցոլակյանին ես շատ հարգում եմ որպես մարդ, զինվորական և պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ։ Իմ քավորը սովորական մարդ է, անունը՝ Վարդան, ազգանունը Կուլիջանյան։ Դա ապատեղեկատվություն է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել, որ ցանկացած հոդվածում գրում են Վանեցյանը ու ինչ-որ մի բան, ու դառնում է սենսացիա», -լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է մյուս հրապարակմանը, թե էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է, արձագանքեց.
«Մի պահ դնում ենք մի կողմ, որ Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, և բոլորին հարց եմ ուղղում. ուրիշ ինչ-որ մի առիթ կա՞, որով Գարեգին Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն արարքի մեջ»։
Վանեցյանն ասաց, թե որևէ առնչություն չունի Գարեգին Բաղրամյանի նշանակման հետ և դրանում որևէ վատ բան չի տեսնում։