16/10/2018 14:21
ԱԱԾ-ն կշարունակի ապահովել Սերժ Սարգսյանի անվտանգությունը
Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը շարունակելու է Սերժ Սարգսյանի անվտանգությունը պաշտպանել նաև կառավարական առանձնատնից տեղափոխվելուց հետո, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Համաձայն պետական պահպանության ծառայության մասին օրենքի՝ ԱԱԾ-ն ապահովելու է բոլոր պաշտոնաթող նախագահների անվտանգությունը», - նշեց Ա. Վանեցյանը։
Հարցին՝ առաջարկված տարբերակները ԱԱԾ-ն քննարկե՞լ է, քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի, առաջարկված տարբերակներում անվտանգությունը չի ապահովվել, ԱԱԾ տնօրենն ասաց, որ իրենք որևէ եզրակացություն չեն տվել։
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի գրասենյակից առաջարկել են որպես առանձնատուն դիտարկել ԱԱԾ ընդունելությունների տունը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ ընդունելությունների տունը ծառայում է ողջ պետական համակարգի համար, նաև արտերկրից ժամանած պատվիրակությունների համար։
«Այս տարբերակը ես բացառում եմ, որովհետև ՀՀ-ում մնացել է վերջին ընդունելությունների տունը», - ասաց ԱԱԾ տնօրենը։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սարգսյանը առաջիկայում դուրս է գալու կառավարական առանձնատնից և հրաժարվում է վարչապետի աշխատակազմի առաջարկած առանձնատնից։