17/10/2018 12:24
Խորհրդարանում դարձյալ հետաձգվեց մարտիմեկյան դեպքերի ժամանակ տուժածներին փոխհատուցելու մասին նախագծի քննարկումը
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տուժածներին փոխհատուցելու մասին նախագծի քննարկումը չկայացավ։
Նիստը նախագահող պատգամավոր Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ «2008 թվականի մարտի 1- 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի հեղինակ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հետաձգում է հանձնաժողովում նախագծի քննարկումը։
Լենա Նազարյանը որպես հետաձգման հիմք ներկայացրել էր, որ կառավարությունում նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ այս նախագիծը, որը նախատեսում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տասը զոհի հարազատներին, ինչպես նաև մյուս տուժածներին փոխհատուցում տալու կարգը, առաջին անգամ չի ներկայացվում խորհրդարանին։ Այն դեռ պատգամավոր աշխատելու տարիներին ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը, սակայն ամեն անգամ հանդիպել էր մերժման. խորհրդարանական մեծամասնությունը անհրաժեշտ չէր համարել այդ օրինագիծը ընդունելը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ Լենա Նազարյանն ասել էր, որ նախագիծը քննարկվում է կառավարությունում և այնտեղ հաստատվելուց հետո կներկայացվի խորհրդարան։