17/10/2018 12:35
«Արևելք-Արևմուտք» ինստիտուտի պատվավոր փոխնախագահի կարգավիճակը չէր կարող ազդեցություն ունենալ ՀՀ նախագահին մրցանակ շնորհելու վրա
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական կառավարման, կրթական, գիտական, դիվանագիտական ոլորտներում կուտակած փորձի, գիտելիքների ու միջազգային կապերի շնորհիվ համագործակցում է աշխարհի բազմաթիվ հեղինակավոր կենտրոնների և կառույցների հետ:
Մեկնաբանելով հրապարակումները, որ նախագահ Արմեն Սարգսյանին «Արևելք-Արևմուտք» ինստիտուտի մրցանակը շնորհվել է այն պատճառով, որ նա հանդիսանում է այդ կազմակերպության փոխնախագահը, Aysor.am-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ այդ կառույցներից մեկն է «Արևելք-Արևմուտք» ինստիտուտը, որի հետ նա կապեր ունի դեռևս 2005 թվականից:
«Ներկայում նախագահ Սարգսյանը ինստիտուտի տնօրենների խորհրդի պատվավոր փոխնախագահն է, ինչը բացառապես ներկայացուցչական կարգավիճակ է ենթադրում: Ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակին Արմեն Սարգսյանն արժանացել է պետական գործչի իր երկարամյա կարիերայի և այդ ընթացքում արձանագրած հաջողությունների համար», - նշեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այստեղ հիշեցրեցին, որ նույն ձևով Ֆինլանդիայի նախկին նախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին եղել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի նախագահը, ապա՝ պատվավոր նախագահը և միաժամանակ արժանացել է «Արևելք-Արևմուտք» ինստիտուտի տարեկան մրցանակին:
«Նույնիսկ ինստիտուտի ղեկավարության կազմում լինելը, առավել ևս՝ պատվավոր փոխնախագահի կարգավիճակը չէր կարող ազդեցություն ունենալ հեղինակավոր այդ կառույցի կողմից տարվա մրցանակակրի որոշման վրա: Մրցանակի հավակնորդներն առաջադրվում և որոշվում են ինստիտուտի խորհրդի ավելի քան 50 անդամների կողմից՝ քվեարկության միջոցով: Իսկ մրցանակն ինքնին հեղինակավոր է ոչ միայն այն ստացող գործչի, այլև նրա ներկայացրած երկրի համար», - ասացին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: