18/10/2018 18:57
Բոլորս էլ ուզեցել ենք, որ Մելիք-Ադամյանը (ՀՀԿ-ն) վերանա. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Բոլորս էլ ուզեցել ենք, որ Մելիք-Ադամյանը (նկատի ունի Հանրապետական կուսակցությանը-հեղ.) վերանա, այսօր Մայնինգ Ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողը հիշեցրեց, որ հուշագրի ստորագրման ժամանակ Ծառուկյանը Փաշինյանին ասել է, որ «սուր խոսակցություն» է ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հետաքրքրվեց՝ արդյոք Սարգսյանի հետ իր հարաբերությունները լարվել են։ Ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասաց. «Լարվի չլարվի։ Ի՞նչ վիճակ է։ Ես եղել եմ ընդդիմություն, ես չեմ եղել կառավարության կողքին։ Այդքանը»։
Նա հայտարարեց, որ որևէ մեկի հետ ինքը գործ չունի և կանգնած է կառավարության կողքին։
«Ամեն մեկս պիտի աջակցի, որ այդ մարդու (Նկատի ունի Փաշինյանին-հեղ.) ծրագիրն իրականություն դառնա, որ կարողանանք աշխատատեղեր և ներգաղթ ապահովենք», - հայտարարեց Ծառուկյանը։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մելիք Ադամյան փողոցում, և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, երբ իշխանության ղեկին էր ՀՀԿ-ն, հայտարարել էր. «Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով»: