18/10/2018 13:51
Քսանմեկերորդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Հիմնադրամը մեծ արժեք է մեր ողջ ժողովրդի համար, որովհետև ստեղծվել է Հանրապետության և մեր ժողովրդի համար ծանրագույն պայմաններում և ունեցել է առաքելություն, որը մեծ փառքով կատարել է: Ես չէ, որ պետք է ձեզ կամ հանրությանը պատմեմ այն հաջողությունների, ծրագրերի, հարգանքի մասին, որ հիմնադրամն ունեցել է աշխարհով մեկ հայության շրջանում: Բավական է այցելել Հայաստանի տարբեր վայրեր, բավական է Երևանից ուղևորվել դեպի Ստեփանակերտ և տեսնել, թե ինչ բարձր որակի ճանապարհ է կառուցված: Բազմաթիվ նմանատիպ հաջող ծրագրեր կան: Հետևաբար նախ և առաջ ուզում եմ ձեզ շնորհավորել, որ դուք աշխատում եք մի կառույցում, որն իսկապես համահայկական նշանակություն ունի իր գործունեությամբ», - ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը նշել է՝ ակնկալում է, որ հիմնադրամը նաև շատ ակտիվ պետք է գործի ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև Սփյուռքում. «Հետևաբար, համազգային ծրագրերի ոլորտում որևէ կասկած չպետք է լինի, որ բոլորս մեր ներուժը պետք է ներդնենք, հնարավոր ամենն անենք, որ և՛ հայրենիքը, և՛ Արցախը, և՛ ողջ հայ ժողովուրդը հասնեն իրենց նպատակներին: Ակնկալում եմ, որ բոլորս միասին կաջակցենք, սատար կկանգնենք հիմնադրամին, որպեսզի այն կատարի իր ազգանվեր գործը Հայաստանում և Արցախում», -ասել է նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը պետք է նոր մոտեցումներ որդեգրի, նոր ծրագրեր ունենա և նոր ոճով աշխատի:
«Քսանմեկերորդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում: Հավատում եմ, որ հիմնադրամը նոր ավյունով մեծ հաջողությունների է հասնելու: Հավատում եմ, որ անցած ճանապարհը, հաջողությունները, նաև դժվարություններն ու անհաջողությունները դաս են լինելու, հիմնադրամը կրկին փյունիկի նման հառնելու է և առաջ է տանելու իր հոյակապ առաքելությունը: Սա է իմ ուղերձը ձեզ՝ հիմնադրամի անձնակազմին: Սա է իմ ուղերձը նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու ողջ հայությանը», - նկատել է Սարգսյանը: