18/10/2018 11:58
Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները. Վալերի Օսիպյան
Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նա ընդգծեց՝ ոստիկանությունը տիրապետում և տիրապետելու է իրավիճակին ոչ միայն ընտրությունների օրն, այլև դրան նախորդող ժամանակաշրջանում։
«Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից և հավաստիացնում եմ ձեզ՝ այս պահի դրությամբ որևէ անհանգստանալու և հենց ընտրության օրն էլ որևէ անհանգստանալու խնդիր չեմ տեսնում», - ասաց ՀՀ ոստիկանապետը։
Անդրադառնալով ընտրական ցուցակներին՝ Վալերի Օսիպյանը նշեց՝ «Երևանի ավագանու ընտրություններին գեր-գերազանց ցուցակներ էին, նմանատիպ ցուցակներ երբևիցե չէին եղել».
«Նույնը լինելու է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - ասաց Վ. Օսիպյանը։
Ոստիկանապետն ընդգծեց՝ հատկապես մարզերում ընտրությունների ընթացքում ոստիկանությունը նոր մոտեցումներ է օգտագործելու, որոնց մասին, սակայն, դեռևս չցանկացավ բարձրաձայնել։