19/10/2018 19:24
Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասով Հունան Պողոսյանի պատասխանն ինձ բավարարել է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդել է իրավապահ մարմիններին նորից քննեն Շանթ Հարությունյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը, հնարավորություն գտնեն նորից քննել այն, այդ մասին այսօր Կապանում կայացած հանարհավաքում հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ դեռևս 2013-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ծեծել է Շանթ Հարությունյանին, սպառնացել ընտանիքին: Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակվելուց հետո Փաշինյանի այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ դարձավ. շատերը քննադատում էին նրան, որ Հարությունյանին ծեծի ենթարկած Հունան Պողոսյանին նշանակել է Սյունիքի մարզպետ։
Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը հետագայում չի հաստատել իր այս հայտարարությունը և այդպիսով անհարմար վիճակում է դրել իրեն։
«Անհարմար վիճակ է այդ հարցազրույցի կապակցությամբ։ Այդ հայտարարությունն արեցի հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա, բայց նա հրաժարվեց բացատրություններ տալ, և մարդիկ սկսեցին ինձ մեղադրել, թե ես սուտ եմ ասում։ Մինչև հիմա էլ անհարմար վիճակ է, որովհետև Շանթ Հարությունյանը չի հաստատել, որ ես դա իր խոսքերից եմ ասել և չի տվել ցուցմունք ու բացատրություն։ Հույս ունեմ, որ այդ հնարավորությունը կգտնվի, և Հունան Պողոսյանի պարտականությունն ու պատասխանատվությունը նոր Հայաստանի առաջ կլինի այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմելը։
Ես չգիտեմ, թե ինչ է եղել, բայց ես ուզում եմ ասել նաև, որ որպես ՀՀ վարչապետ, հարց եմ տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի վերաբերյալ և ստացել եմ պատասխան։ Չեմ ասի ձեզ՝ ինչ պատասխան, որովհետև կոռեկտ չեմ համարում, բայց կարող եմ ասել, որ այդ պատասխանը ինձ լիովին բավարարել է։ Մնացածը թող քննություն լինի, պարզի, որովհետև բոլորը, այս հարթակում կանգնած բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հայաստանում չկան ու չեն լինելու արտոնյալներ», - հանրահավաքում հայտարարեց Փաշինյանը։
Նկատենք, որ հանրահավաքին Փաշինյանից բացի, մասնակցում են Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը և այլք։