19/10/2018 14:25
Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը. Ֆելիքս Ցոլակյան
Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, հայտնում են ԱԻՆ-ից։
Գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս է հայտնել, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային այս փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գիտությունների թեկնածու է, և հույս հայտնեց, որ Հարությունյանը կարևոր ներդրում կունենա իր համակարգման ոլորտում:
Անդրադառնալով ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման հարցին՝ Ֆելիքս Ցոլակյանը ևս մեկ անգամ շեշտել է դրա կարևորությունը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է նաև գերատեսչության կադրային ճիշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես շեշտելով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտների՝ աշխատանքի ընդունման առաջնայնությունը:
«Կարևորում եմ փրկարարների վերապատրաստման հարցը: Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը, ուստի՝ հանձնարարում եմ մեծ ուշադրություն դարձնել փրկարարների մասնագիտական պատրաստականությանը», - ասել է Ֆ. Ցոլակյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել գլխավոր քարտուղարին, փոխնախարարներին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին: