20/10/2018 12:03
Ոստիկանների հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորների հարազատները փակել են Երևան-Սևանի ճանապարհը։
Հարազատները պահանջում են ազատ արձակել ոստիկաններին։
Սևանում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Փոխոստիկանապետի կոչերը՝ բացել ճանապարհը, անցնում են ապարդյուն. հարազատները՝ պնդում են՝ մինչև ազատ չարձակեն ոստիկաններին, ճանապարհը չեն բացի։
Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:
Նախաքննությունը շարունակվում է: