20/10/2018 12:49
Երևան-Սևան մայրուղին բաց է, երթևեկությունը՝ կարգավորված
Վաղ առավոտից խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատների կողմից փակած Երևան-Սևան ճանապարհը բաց է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է, երթևեկությունը՝ կարգավորված», -նշեց Է. Ջանոյանը։
Նշենք, որ Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորների հարազատները փակել էին Երևան-Սևանի ճանապարհը։ Հարազատները պահանջում են ազատ արձակել ոստիկաններին։
Սևանում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:
Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակից Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: