22/10/2018 13:50
Ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է ընդունվի, որ Ազգային ժողովը չլինի միատարր. Արամ Սարգսյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը պնդում է՝ հասունացել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պահը:
Այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Սարգսյանը հայտարարեց, որ նոր փոփոխություններով քաղաքական ուժերը մի քանի բան շահում են:
«Կարևոր փոփոխություն է, որ խորհրդարանում կարող է ներկայացված լինել չորս ուժ: Սա շատ կարևոր հանգամանք է: Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ առանձնապես քաղաքական ուժերի հնարավորությունները հետհեղափոխական ընտրություններում այդքան էլ մեծ չեն: Սա շատ լուրջ խնդիր է այստեղ ներկա գտնվող գրեթե բոլոր ուժերի համար: Հետևաբար այս օրենքը պետք է ընդունվի, որ Ազգային ժողովը չլինի միատարր», - այսօր արտահերթ նիստում հայտարարեց Արամ Սարգսյանը:
Ելք խմբակցության պատգամավորը նկատեց, որ Ընտրական օրենսգրքի քննարկումները, ճիշտ է, չպետք է հապշտապ լինեն, բայց նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակն այլ է. «Պահը հասունացել է, եկեք դեկտեմբերին գնանք ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով»: