22/10/2018 12:11
Թող ընտրությունները լինեն հունվարին. Բաբուխանյանը կառավարությանը խնդրում է ժամանակ տալ պատրաստվելու համար
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով նաև Սահմանադրական իրավունք-միավորում կուսակցության նախագահն է, Ընտրական օրենսգրքի նախագծում դրական փոփոխություններ նկատել է: Սակայն, նրա կարծիքով, դրանք անմշակ են ու կարող են առաջացնել բացասական հետևանքներ:
«Այն, ինչ բերվել է Ազգային ժողով, մի քանի կետով տարբեր է այն նախագծից, որը ներկայացրել էին խորհրդարանական չորս խմբակցությունները՝ որպես կոնսենսուսային տարբերակ», - այսօր խորհդրարանում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Բաբուխանյանը:
Նա ասաց, որ որպես կուսակցության նախագահ, անհնար է մեկ շաբաթվա ընթացքում «նոր օրենսդրական համակարգով նախապատրաստվել այդ ընտրություններին»:
Պատգամավորը հորդորեց կառավարությանը առնվազն երկու ամիս ժամանակ տալ կուսակցություններին, որ կարողանան պատրաստվել ընտրություններին:
«Ոչ մեկ չի ասում թող ընտրություններ չլինեն: Ընտրություններ, այո, պետք է լինեն: Բայց թող լինեն հունվարին: Հակաժողովրդավարական, հապճեպության մթնոլորոտում կդառնան պետության համար այն թույլ կետը, որ ցանկացած այլ պետություն անընդհատ խոթելու է մեր աչքը: Հորդորում եմ՝ մեր պետության, նոր իշխանության ամրացման համար մի գնացեք հապճեպության, օրվա հրամայականներով, այլ գնացեք պլանավորված: Անցկացրեք ընտրություններ հունվարի վերջին և դուք կունենաք լեգիտիմ գործընթաց», - հայտարարեց Բաբուխանյանը՝ ընդգծելով, որ եթե իր կուսակցության առաջարկը չընդունվեց, ապա ինքը այս օրինագծի շուրջ քվեարկություններին չի մասնակցի: