22/10/2018 13:15
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցավակցություն են հայտնել Հաշքաջիի ընտանիքին
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը և գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում մահացած լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին, հայտել է Սաուդյան մամուլի գործակալությունը:
«Նորին Թագավորական Բարձրություն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և գահաժառանգ արքայազն, առաջին փոխվարչապետ և պաշտպանության նախարարը (Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը) հեռախոսազրույց են ունեցել Սալեհ Ջամալ Հաշքաջիի (Ջամալ Հաշքաջիի ավագ որդու) հետ, իրենց ցավակցությունն են հայտնել նրան և նրա ընտանիքին հանգուցյալ Ջամալ Հաշքաջիի մահվան կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են թագավորության գլխավոր հյուպատոսարանում սուր վեճի հետևանքով Հաշքաջիի մահվան մասին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ այս պահին քննության տակ են գտնվում երկրի 18 հպատակներ, որոնց ինքնությունը չի հայտնվում: Նա նաեւ տեղեկացրել է, որ իրենց պաշտոններից հեռացվել են գահաժառանգի խորհրդական գեներալ Ահմեդ Ասիրին եւ նախարարի աստիճանով թագավորական դիվանատան խորհրդական Սաուդ ալ Քահթանին: