22/10/2018 12:28
Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին
«Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրում, որը պետք է կառուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում, պայմանները փոխվել են: Հոկտեմբերի 20-ին շահառուները տեղեկացել են, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում:
Այս թեմայով այսօր լրագրողները հարց ուղղեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, թե ինչու են պայմանները փոխվել։
«Ես Լիբաբանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված», - ասաց Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե անարդար բան է ստացվել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»։
Նկատենք, որ ավանի կառուցման ծրագրի նախկին հովանավորը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էր: Այն իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ն, իսկ ծրագրի ղեկավարը ՀԿ նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանն է:
«Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար հերթագրվել է 1050 շահառու, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են:
Իսկ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետական ծրագիր է և դրանով բնակարաններ հատկացվում են բացառապես երիտասարդ ընտանիքներին: Այսինքն՝ «Վերածնունդ» ավանի ծրագրով բնակարաններ ստանալու համար հերթագրված երիտասարդ մասնագետները չեն կարող անցնել այս պետական ծրագրով:
Նշենք, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով միանգամայն այլ չափորոշիչներ են նախատեսված՝ շահառուները անպայման պետք է ամուսնացած լինեն, ամուսնական զույգերի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը: