22/10/2018 15:01
Նորվեգիայում մահացել է Հիտլերի՝ ատոմային ռումբի արտադրության պլանները խափանած դիվերսանտը
99 տարեկանում մահացել է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պայքարել է հիտլերյան կոալիցիայի դեմ, հայտնում է Reuters-ը:
Ռենեբերգը մասնակցել է այն գործարանի ոչնչացման գործողությանը, որը ծանր ջուր կամ դեյտերիումի օքսիդ էր (D2O) արտադրում՝ նյութ, որը կարող էր կիրառվել ատոմային ռումբի արտադրության համար:
Գործակալության տվյալով՝ Ռենեբերգը 23 տարեկան էր, երբ 1943 թվականին նրան ուղարկեցին մասնակցելու «Գաներսայդ» գործողությանը, որի ընթացքում խմբի մասնակիցները Նորվեգիայի Վեմորկում ներթափանցեցին Norsk Hydro ընկերության տարածք և ոչնչացրեցին ծանր ջրի արտադրության գործարանը: Դա գործարանը ոչնչացնելու դիվերսանտների երկրորդ փորձն էր. առաջին խումբը բռնվել և մահապատժի էր ենթարկվել՝ նույնիսկ չհասցնելով ներթափանցել ձեռնարկության տարածք: