23/10/2018 20:54
NASA-ի առաջին «միջմոլորակային» նանոարբանյակներն ստացել են Մարսի լուսանկարները
MarCO մարսյան զույգ զոնդերը, որոնք տիեզերք էին արձակվել InSight վայրէջքային մոդուլի հետ միասին, հաջողությամբ դուրս են եկել «քնածության վիճակից» և դարձել առաջին նանոարբանյակները, որոնք ստացել են այլ մոլորակի լուսանկարներ, հայտնել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:
«Մեզանից մոտավորապես վեց ամիս պահանջվեց, որպեսզի հասնենք Մարս: Առաքելության այս փուլը միշտ էլ բավականին դժվարին է եղել մարսյան զոնդերի համար, ուստի նույնիսկ փոքր հաջողությունները մեզ համար մեծ հաղթանակներ են դառնում: Ահա թե ինչու այն, որ մենք վերջապես տեսանք Մարսը, մեծ հաղթանակ դարձավ մեզ համար»,- հայտարարել է Քոդի Քոլին՝ առաքելության ղեկավարը NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում: CubeSat համակարգի երկու փոքրիկ արբանյակները, որոնց NASA-ի մասնագետներն անվանել են Mars Cube One (MarCO), մայիսի սկզբին միջմոլորակային տարածություն են արձակվել այն նույն Atlas V հրթիռով, որը InSight ավտոմատ կայանը դուրս բերեց Մարսի ուղեծիր:
Այս նանոարբանյակները NASA-ի կողմից ստեղծվել են մեկ պարզ, բայց շատ հետաքրքիր խնդիր լուծելու համար. դրանք տիեզերական գործակալության ինժեներներին կօգնեն Երկրի հետ InSight-ի կապը պահպանել Մարսի վրա վայրէջքի ժամանակ և հանդիսատեսներին թույլ կտան այդ գործընթացը դիտել «ուղիղ եթերով»: