23/10/2018 16:15
Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ. Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի քվեարկության մասին (Տեսանյութ)
ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը դեռ դիրքորոշում չունի՝ ինչպես է քվեարկելու հոկտեմբերի 24-ին կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ։
«Կորոշենք՝ ինչ պետք է անենք այս պարագայում։ Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը կարող է, ասենք, ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, թե մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք։ Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ որն է ճիշտը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արմեն Ռուստամյանը։
Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ ողջունելի է այն, որ, վերջապես, հասկացան՝ գործընթացները Սահմանադրության տառին ու ոգուն պետք է համապատասխան լինեն՝ ԱԺ լուծարումը իրավունքի ուժով կատարված ունենալու համար։
«Մենք ժամանակին դա էինք ասում, մեզ հանում էին դավաճան, հակահեղափոխական։ Բայց իրականում մեր նպատակն այն էր, որ որևէ սև բիծ, որևէ թաքուն ական չդրվի այն պրոցեսի տակ, որը բերելու է ԱԺ լուծարմանը իրավունքի ուժով», - նկատեց պատգամավորը։
Հարցին, թե կո՞ղմ են քվեարկելու, Ռուստամյանը արձագանքեց, որ չեն ցանկանում, որ գործընթացը խաթարվի։
«Եթե մենք ինչ-որ բան համաձայնեցնում ենք, ավելի հակված ենք, որ այդ ճանապարհը համաձայնեցված միասին անցնենք։ Այն, ինչ իրենք առաջարկել են, մեզ հետ համաձայնեցված չէ։ Բայց այդ դեպքում մենք կքննարկենք ու հենց այդ ժամանակ էլ կհայտարարենք», -ասաց Ռուստամյանը։