23/10/2018 16:10
Էներգահամակարգում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն համակարգի խնդիրների լուծմանը. Գարեգին Բաղրամյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր աշխատանքային այց է կատարել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերություն։
Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընկերության ղեկավար և ինժեներական անձնակազմի մասնակցությամբ։
Գարեգին Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը սահմանված ժամկետներում և որակով իրականացնելու կարևորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ենթակայանների վերազինման ծրագրերին:
Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը: