10/11/2018 11:53
Փաստերի ստուգման անվան տակ հանդես եկող Fip.am-ը կեղծիք է տարածում
Նոյեմբերի 9-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող Fip.am կայքը հրապարակեց «Նախկին իշխանական կայքերը կեղծում են Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը» վերնագրով հոդված՝ մեղադրելով Aysor.am կայքին Իոաննիսյանի խոսքերը նենգափոխելու մեջ։
Հոդվածն անդրադառնում է նույն օրը Aysor.am կայքում հրապարակված Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղ գտած խնդիրների մասին Իոաննիսյանի մեկնաբանությանը։ Հոդվածում ներկայացվել է Իոաննիսյանի խոսքի սղագրությունն՝ առանց որևէ աղավաղման, սակայն վերնագիրն, ըստ նրա, չի արտացոլել միտքն ամբողջությամբ։
Իհարկե, բացթողումներն ու վրիպակներն անցանկալի, բայց նաև անխուսափելի են ցանկացած աշխատանքում։
Մեզ համար ցավալի է, որ Դանիել Իոաննիսյանը խմբագրության հետ կապվելու և հարցի շուրջ իր տեսակետը ներկայացնելու փոխարեն, նախընտրել է հոդված հրապարակել FIP.am կայքում, այն գովազդային հիմունքներով տարածել սոցցանցում՝ մեղադրելով Aysor.am-ին իր խոսքը նենգափոխելու մեջ։
Ավելին, փաստերի ստուգման ու մամուլում ստի տարածման դեմ պայքարող և Դ.Իոաննիսյանի կողմից համակարգվող FIP.am կայքը որոշել է կռահել կայքի պատկանելիությունը՝ ներկայացնելով այն որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ կապված լրատվամիջոց։
Տարօրինակ է, որ ստի դեմ պայքարող կայքը ստի հեղինակ է դառնում։ Մամուլի հրապարակումները մեջբերելիս արհեստավարժ լրագրողները պարտավոր են հղումներ օգտագործել։ Մենք նման հրապարակումներ չենք կարողանում մտաբերել։
Ուստի՝ խնդրում ենք ստի դեմ պայքարող և արհեստավարժություն քարոզող կայքին մատնանշել մամուլի հրապարակումները, որտեղ որպես ապացուցված փաստ ներկայացված է Aysor.am-ի կապը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ հրապարակայնորեն հերքել ակնհայտ կեղծիքը։