11/11/2018 15:24
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով կմասնակցի ԱԺ ընտրություններին
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը հայտնի է իր արևմտյան կողմնորոշմամբ ու հակառուսական հայացքներով, նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Կուսակցության համաամասնական ցուցակի 1-ին հորիզոնականում լինելու է Վարուժան Ավետիսյանը, երկրորդում՝ Ստեփան Գրիգորյանը: Կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիության հետ կապված հարցերի պատճառով չի կարողանա մասնակցել այս ընտրություններին:
Փորձեցինք՝ հասկանալ՝ ինչո՞ւ է արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքագետն ընդգրկվել հենց ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռերի» ընտրական ցուցակում, սակայն Ստեփան Գրիգորյանը Aysor.am-ի թղթակցի զանգերին չպատասխանեց:
Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Սյուզան Սիմոնյանը Aysor.am-ի զրույցում հստակ որևէ բան չասաց կուսակցության ընտրական ցուցակի մասին: «Առաջիկայում հայտնի կլինի, կտեղեկանաք», - ասաց Սիմոնյանը:
Փոխարենը Ստեփան Գրիգորյանը «Սասնա ծռերի» հետ միասին ակտիվ քարոզչություն է իրականացնում Հայաստանի մարզերում.
Նոյեմբերի 10-ին նրանք Գյումրիում էին, իսկ նոյեմբերի 17-ին պատրաստվում են ավտոերթ իրականացնել դեպի Ստեփանակերտ, ինչի մասին արդեն իսկ Ստեփանակերտի քաղաքային իշխանություններն իրազեկումն ի գիտություն են ընդունել:
Բացի այդ, կուսակցությունը սկսել է տարածքային կառույցներ բացել Հայաստանի մարզերում: