11/11/2018 20:31
Մեր սխալներից մեկը եղել է այն, որ միգուցե կորցրել ենք ուղիղ կապը մեր կուսակցական գործընկերների հետ. ՀՀԿ փոխնախագահ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի հարցը քննարկվում և լուծվում է կուսակցության համագումարում՝ ըստ կանոնադրության, և 2019 թվականի գարնանը, այսպես թե այնպես, մենք պետք է ունենայինք համագումար, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Այդ համագումարում պետք է ձևավորվի նաև կուսակցության ղեկավար կազմը։ Կարծում եմ, որ այս ընտրություններն առաջ բերելու նպատակներից մեկը նաև մեր կուսակցությանը նորմալ համագումար կազմակերպելուց զրկելն էր՝ տակտիկական առումով։ Կարող էինք ձևական համագումար կազմակերպել, բայց ես կարծում եմ, որ այն չափազանց կարևոր գործիք է և մեր սխալներից մեկը ժամանակի մեջ եղել է այն, որ միգուցե կորցրել ենք ուղիղ կապը մեր կուսակցական գործընկերների հետ տեղերում», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե խոսակցություններ կային, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, էլ չգլխավորի ՀՀԿ-ն։
Ընտրություններից հետո, Վ. Սարգսյանի խոսքով, կուսակցությունը համագումար կանցկացնի։