11/11/2018 14:42
Շարմազանով. Երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ, նույնը նաև՝ պարոն Աշոտյանը (Տեսանյութ)
ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր կընդունի որոշում, որ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսօր «Հանրապետական» կուսակցության խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ցուցակի հետ կապված որևէ հարց դեռ չենք քննարկել, կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ, նույնը նաև՝ պարոն Աշոտյանը: Ամեն մեկս ունենք մեր տեղը, ու անկախ նրանից, թե ով որ համարը կլինի՝ պետք է պայքարի», - ասաց Շարամազանովը՝ պատասխանելով հարցին, թե ըստ լուրերի՝ կուսակցության ցուցակը գլխավորելու են Վիգեն Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը։
Նա նշեց նաև, թե ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն 2-րդ տեղի հիմնական հավակնորդն է։
«ՀՀԿ-ն այսօր այլ խնդիր ունի, 2017 թվականին այլ խնդիր ուներ։ Այն ժամանակ գնում էինք 50-60 տոկոս հավաքելու և բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր գնում ենք խորհրդարանում միակ և ամենաընդդիմադիր ուժը լինելու, երկրորդ ուժը լինելու ակնկալիքով», - ասաց Շարմազանովը։
Բոլոր նրանք, ովքեր կլինեն կուսակցության ցուցակի առաջին տասնյակում, Շարմազանովի խոսքով, պետք է առաջադրվեն որպես ռեյտինգային թեկնածուներ։