11/11/2018 20:12
Որևէ կուսակցություն չպետք է ու չի կարող միշտ լինել իշխանություն. Վիգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր շատ հետաքրքիր գործընթացի միջով է անցնում՝ դա կարգավիճակի տրանսֆորմացիա է ու կուսակցությունը փորձելու է այս կարգավիճակով իր ներդրումն ունենալ երկրի զարգացման հարցում, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Որևէ կուսակցություն չպետք է ու չի կարող միշտ լինել իշխանություն։ Բոլոր իմ գործընկերներին, ինձ շատ հաճախ բարին ցանկացողները խորհուրդ են տվել, որ «գիտե՞ք շատ լավ կլինի, եթե դուք ձեր փորձով առանձնանաք, մի նոր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավատա»։ Մեր թիմը քաղաքական թիմ է ու դա ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ իրավիճակներին ու գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության ու առաջիկա ընտրություններին լինելու են նաև մեր ցուցակի առանցքում, եղել են կուսակցության անդամ ոչ այն պատճառով, որ այն եղել է իշխանություն։ Համարել ենք, որ ՀՀԿ-ն ունի առաքելություն, ունի գաղափարական օրակարգ, որն այսօր էլ ավելի է պահանջված, քան երբևէ», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ դրանք չափազանց արագացված են, ինչը խաթարում է քաղաքական գործընթացները։