11/11/2018 20:09
Վարչապետն ունի ապացուցելու բան, մենք էլ պետք է պարտադրենք, որ ժողովրդին տրված խոստումները լիարժեք կատարվեն. Վիգեն Սարգսյան
Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ, ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Կարծում ենք, որ ունենք դրա հնարավորությունը, մեր ռեսուրսը, մեր գիտելիքն ու փորձը դա թույլ է տալիս, գումարած դրան՝ մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակը լիարժեք օգտագործել ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը, որին հրապարակում հավաքված քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, և որին ԱԺ-ն տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այդ պարտականությունը, որն ստանձնել է։
«Ինքն ունի ապացուցելու բան, ինքն ունի աշխատանք կատարելու, և մենք որպես ընդդիմություն պատրաստ ենք ապագա խորհրդարանում հավասարակշռել դա՝ պարտադրելով, որ ժողովրդին տրված խոստումները լիարժեք կատարվեն, պարտադրել, որ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնահարցի, երկրի ներքին զարգացման կարևորագույն ուղղությունների և այլ հարցերի հետ կապված կառավարությունը լիարժեք կատարի իր խոստումները և ծրագրերը», - ասաց Վիգեն Սարգսյանը։