12/11/2018 15:59
«Քըխ» ՀՀԿ-ն գնացել է, եկել է իշխանություն, որն ասում է՝ ես ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ ...գործ արե՛ք, ժողովուրդ. Աշոտյան
Եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է օր առաջ ուղերձներ հղել բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, թե այս ընտրությունները պետք է նմանվեն բռնցքամարտի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարը, ոչ թե հազարը մեկի վրա, եթե հազարը մեկի վրա է, դա արդեն խուժան կռիվ է», - ասաց նա։
Ըստ Աշոտյանի՝ եթե ուզում են լինի քաղաքակիրթ մրցակցություն, իրենք պատրաստ ենք քաղաքական բանավեճի։
«Եթե խոսքը գնում է խուժան կռվի մասին, ապա խուժան կռվի արդյունքում մենք կունենանք խուժան խորհրդարան», - ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ ՀՀԿ-ն փորձելու է տանել բովանդակային քարոզարշավ։
«ՀՀԿ-ից զատ, շատ քիչ ուժեր կան Հայաստանում, որոնք կարող են քաղաքական օրակարգ առաջարկել», - ասաց նա։
Արմեն Աշոտյանը նշեց, թե նոր իշխանությունը եկել է իշխանության մի կարևոր բան անելով՝ բոլոր բարդ խնդիրներին խոստանալով հեշտ լուծում։
«Ասում էին Սաշիկը 50-50 է, կարմիր գծերը հանելու ենք, տեսախցիկները պետք է վերացնենք, բյուջեն 800 միլիոնով կավելացնենք, ժողովուրդ, մենք գիտենք, որ իրենք սուտ են ասում, էս մեր խեղճ ժողովուրդը չգիտեր, որովհետև ժողովուրդը, հոգնած լինելով ամեն ինչից, մտածում էր, որ կա փրկիչ», - ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ փրկիչ չկա ու չի կարող լինել, որովհետև փրկիչը մի անգամ եկել է, շանսը տվել է փրկելու, գնացել է։
«Բայց դա քաղաքականության հետ կապ չունի, մնացած ամեն ինչը խորամանկություն է, իսկ խորամանկության արդյունքները մենք այսօր տեսնում ենք», - ասաց նա։
Արմեն Աշոտյանի շեշտեց՝ ապրի Նիկոլ Փաշինյանը, որ կարողացել է ժողովրդի մեջ որոշակի հույս առաջացնել։
«Բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն ու ես՝ որպես այս երկրի քաղաքացի, մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ չապրի հիասթափություն», - ասաց նա։
Արմեն Աշոտյանն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքը պետք է ամեն ինչ անի, որ այս ընտրարշավը լինի հավասար հնարավորությունների ընտրարշավ բոլորի համար։
Աշոտյանն ասաց, թե բնակիչների մեծ մասը վարչապետի փսիխոհոգեբանական ազդեցության տակ է։
«Դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը կարողնաում է մի LIVE-ով Ազգային ժողով փակել, մի LIVE-ով Ազգային ժողով բացել, այսօր նա այդ մոգականությունն ունի», - ասաց նա։
Նա շեշտեց՝ «Իմ քայլը» դաշինքը պետք է դադարի օգտագործել պետական ռեսուրսը ընտրություններին իրենց ուզած արդյունքը ստանալու համար։
«Տնաշեններ, պետք չի ձեզ 85 տոկոս, ի՞նչ եք անում, դուք հո՞ Նիկոլ բաշի չեք սարքում, իմաստը ո՞րն է, ի՞նչ եք անելու, ոչ կրեդիտ քարտի վրա եք կարողանալու գցել, ոչ կտակելու եք որևէ մեկին», - ասաց նա։
Արմեն Աշոտյանը նշեց, թե իրենք իրենց սխալների համար արդեն պատասխան տվել են։
«Մենք մեր սխալների պատճառով տուժել ենք արդեն, մենք իշխանություն չենք, պըրծ, «քըխ» ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ, գնացել ենք, եկել է իշխանություն, որն ասում է՝ ես ավելի լավն եմ, ես մազեր ունեմ, ես կապուտաչյա եմ ...գործ արե՚ք, ժողովուրդ», - ասաց Ա. Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը հավելեց, թե ժողովուրդը հիմա գիշերը «Հայր մեր»-ի փոխարեն ասում է «Նիկոլ մեր»-ը։