13/11/2018 14:06
Կպատժվեն օրենքով նախատեսված կարգով. Կամո Արեյանը՝ ապօրինի շինարարություն անողներին
Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում տեղի ունեցած դեպքը եղել է բացառապես ապօրինություն, ընդգծված ապօրինություն, քաղաքապետարանի բոլոր գործողությունները եղել են իրավաչափ, օրինաչափ և ճիշտ, այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։
«Բոլորս միահամուռ դեմ ենք ապօրինի շինարարությանը, դեմ ենք ապօրինի հողազավթումներին, ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի շինարարությունից և հողազավթումներից։ Կպատժվեն օրենքով նախատեսված կարգով։ Ես չեմ ասում, որ նախկինում խնդիրներ չեն եղել, եղել են, եղել են և ապօրինի հողազավթումներ, շինարարություններ, եղել են քանդումներ, բայց հիմա խնդիրը դրված է շատ հստակ՝ գիծ քաշել, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը», - նշեց քաղաքապետի գլխավոր խորհրդականը։
Արեյանն ասաց, թե նախկինում էլ այդ գիծը հստակ եղել է, բայց էլի եղել են մարդիկ, ովքեր սողոսկել, անցել են։
«Պետք է մեկ անգամ դրսևորել հստակ վճռականություն և կամք, բացառել երևույթը քաղաքում», - նկատեց Կ. Արեյանը։
Հիշեցնենք` նախօրեին Հայկ Մարության որոշմամբ ապամոնտաժվել է հանրային հողատարածքում կառուցվող ինքնակամ շինությունը։