13/11/2018 11:47
Ջանջուղազյանը հորդորում է նույնիսկ մտքով չանցկացնել, թե Հայաստանը կարող է խնդրել, որ ներեն արտաքին պարտքը
Ազգային ժողովի հերթական նիստում, երբ քննարկվում է 2019 թվականի բյուջեի նախագիծը, ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այնպես լինի, որ որոշ կառույցներ ներեն Հայաստանի արտաքին պարտքի մի մասը և երկրի բեռը թեթևանա:
Ի պատասխան նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հորդորեց նույնիսկ մտքով նման բան չանցկացնել և բացատրեց՝ ինչու. «Դա ամենալավ լուծումը չէ: Այստեղ մենք պետք է մտածենք ոչ թե խնդրելու մասին, որպեսզի մեզ ներվի այդ պարտքը, այլ մենք պետք է մտածենք, թե մեր տնտեսությունը ինչքան արագ զարգացնենք, որպեսզի այդ պարտքի սպասարկումը մեզ համար դառնա չնչին և իրենից ոչինչ չներկայացնող»:
Ջանջուղազյանի խոսքով՝ մեր երկիրը համարվում է նվազ պարտք ունեցող երկիր, և Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի պարտքային պարտավորությունները հստակ, ճշգրիտ կատարի: Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս 2013 թվականից Հայաստանը համարվում է միջին, ցածր եկամուտ ունեցող երկիր, ինչի պատճառով միջազգային կառույցները պակաս արտոնյալ պայմաններով են վարկեր տրամադրում:
«Դա շատ տրամաբանական է, որովհետև համարվում է, որ Հայաստանն արդեն թևակոխել, անցել է աղքատ երկիր լինելու ժամանակահատվածը: Դա շատ կնմանվի նրան, որ նպաստառու մեկը, որը չուզենա աշխատել, որպեսզի նպաստից չզրկվի: Ես առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման մտադրություններից», - հավելեց նախարարի պաշտոնակատարը: