13/11/2018 12:24
Ավագանու նիստում որոշվեց 10 տարով անհատույց բնակարան տրամադրել 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանին
Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանին անհատույց օգտագործման բնակարան հատկացնելուն։
Երեխաներից 11-ն անչափահաս է։ Ընտանիքը Երևան է եկել Քարվաճառից, ամուսինը Վեդիից է, կինն՝ Էջմիածնից։
Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը զեկուցեց, որ առաջարկվում է Մոլդովական փողոցում 34.6 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ 10 տարի ժամկետով ձևակերպել 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի՝ անհատույց օգտագործման իրավունքը։
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն, անդրադառնալով թեմային, նախ նշեց, որ լուծելով նմանատիպ ընտանիքների սոցիալական հարցերը, հնարավոր է, նպաստում են նաև, որ սահմանային շրջանները դատարկվեն։
«Առաջարկում եմ կապ հաստատել Արցախի հետ, հնարավոր է, ընտանիքին Քարվաճառում ավելի նպաստավոր պայմաններ առաջարկեն», - ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Ավագանու մեկ այլ անդամ Սերգեյ Սարգսյանն ասաց, թե մարդասիրական քայլն, իհարկե, լավ է, բայց պետք է նաև հստակեցնել, թե ինչ չափանիշներով է որոշվում՝ որ ընտանիքներին է պետք բնակարան տրամադրել, որտեղ են սկսում պետության և համայնքի պարտավորությունները։ Այլապես, ըստ Ս. Սարգսյանի, բազմազավակ շատ ընտանիքներ կարող են մարզերից գալ և Երևանի համայնքներից բնակարաններ պահանջել։
Որոշումն ընդունվեց 56 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ։
Ավելի վաղ Aysor.am-ն անդրադարձել էր բազմազավակ ընտանիքի խնդիրներին։