13/11/2018 19:35
Երևանում կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ամուսինը ձերբակալվել է
Երևանում 20–ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է նրա ամուսինը՝ 30–ամյա Իլլարիոն Ն.-ն, Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով` dիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ:
Իլլարիոն Ն.-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել:
Ք.Իսկանդարյանը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:Ավելի ուշ արդեն նոյեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: