14/11/2018 12:51
Ձեր ներկայացրած բյուջեն ոչ թե իներցիոն պիտի լիներ, այլ՝ հեղափոխական. Բաղդասարյան
2019 թվականի բյուջեի նախագծում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի գտել ապրիլ-մայիս ամիսներին հասարակությանը տրված խոստումները, որոնց միջոցով բյուջեն ներկայացրած քաղաքական ուժը եկավ իշխանության:
«Ոչ միայն արատցոլված չեմ տեսնում, այլ նշումներ չեմ տեսնում ապագայում դրանց իրականացման համար: Այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում ձեր որդեգրած քաղաքականությունը նախորդից: Սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ՝ մեկ քայլ հետ», - ԱԺ-ում 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Բաղդասարյանը:
Նա ևս ընդգծեց, որ կառավարության ներկայացրած բյուջեն չի համարում իներցիոն, ավելին՝ վստահ է, որ այդ բյուջեն ոչ թե իներցիոն պիտի լիներ, այլ՝ հեղափոխական:
«Եթե պետք է լիներ իներցիոն և ոչ ձեր իսկ անվանակոչած հեղափոխական բյուջե, ապա ի՞նչ իմաստ ուներ շուտափույթ, ափալ-թափալ ընտրությունների կազմակերպումը: Կար այն տրամադրվածությունը, որ այսօրվա իշխանությունը մտածում է, որ օր առաջ պետք է ընտրություններ կազմակերպել, որպեսզի բերի հեղափոխական բյուջե», - ասաց նա:
Բաղդասարյանը նկատեց, որ եթե ներկայացված բյուջեն պետք է ըստ էության լիներ նախորդի շարունակությունը, ապա գործող խորհրդարանն ավելի օգտակար կլիներ այն կյանքի կոչելու համար:
«Չեմ ցանկանում փնովել՝ արդյոք դուք ունեք այդ կադրերը, պրոֆեսիսնալիզմը, թե ոչ, որ կարողանաք մեր իսկ որդեգրած բյուջեն շարունակել, բայց, ցավոք սրտի, ես կասկածում եմ», - նկատեց նա: