14/11/2018 13:38
ՌԱԿ-ը կսատարի «Իմ քայլը» դաշինքին
Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում սատարելու է «Իմ քայլը» դաշինքին։
«2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն Թավշյա հեղափոխության շարունակությունը և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին:
Ռամկավար Ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով որոշեց ընտրություններին չմասնակցել: Միաժամանակ կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած «ժողովրդի հետ, ժողովրդի համար» հավատամքին, իր անդամներին և համակիրներին կոչ է անում իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն`ձայն տալ ժողովրդի ցանկությունն արտահայտողներին, դրական վերափոխումներին և առաջընթացին:
Կուսակցությունը հույս ունի, որ դրանով իր համեստ նպաստն է բերում Հայրենիքի հետագա զարգացմանն ու հայ ժողովրդի դարավոր երազանքների իրագործմանը»,-նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։