14/11/2018 17:51
Լարված պահերին բավական կառուցողական և հավասարակշված դերակատարում եք ունեցել. այդ պահվածքը շատ բարձր եմ գնահատում. Փաշինյանը՝ Բաբլոյանին (Տեսանյութ)
6-րդ գումարման 4-րդ ազգային ժողովի վերջին հարց-պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի խնդրանքով մեկնաբանեց, թե ում նկատի ուներ իր իսկ գրած հեքիաթում՝ անվանելով «չար տնակ»: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք խոսքը Հանրապետական կուսակցության մասին էր:
««Չար տնակ» ասելով՝ նկատի եմ ունեցել ՀՀ Ազգային ժողովը, ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները, ինձ շեղում է իմ քաղաքական առաքելությունից, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի-ճիրաններից դուրս պրծնել և վերադառնալ այն առաքելությանը, որով ես կոնկրետ սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը», - ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձագանքեց՝ նշելով, որ երբեք չի պատկերացրել, որ այդ խոսքերը ԱԺ-ին են վերաբերում:
«Անդրադառնալով այս ժամանակահատվածին՝ արդյոք Դուք կարծում եք, որ ԱԺ-ն կարողացավ գնահատել, դասեր քաղել և բարեփոխումներ իրականացնել, ու կարծո՞ւմ եք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցավ երկրի համար», - հարցրեց Բաբլոյանը:
Փաշինյանը նկատեց, որ իր համար 6-րդ գումարման ԱԺ-ն պատմական է ու ինքն առաջին անգամ հենց 6-րդ գումարման ԱԺ նիստերից մեկի ժամանակ է ամբիոնից հայտարարել, որ եթե 2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդն իր կամքը որոշի արտահայտել, ապա իրենք կլինեն երաշխավորը այդ կամքը իրականություն դարձնելու համար:
«Այն փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը բոլորովին էլ դրանցում ներգրավված մի կողմի վաստակը չէ: Այո՛, մենք կարողացանք պրոցեսները տեղափոխել ԱԺ և այստեղ պրոցեսներին տալ լուծում: Այս ամենի վերաբերյալ իմ գնահատանքը արտահայտել եմ 6-րդ գումարման պատգամավորների և նախագահության վերաբերյալ: Կարծում եմ՝ սա մի առաքելություն է, որը պատմության մեջ դեռ կգնահատվի»:
Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին իր գործունեության ու լարված պահերին կառուցողական դերակատարում ունենալու համար.
«Լարված պահերին Դուք բավական կառուցողական և հավասարակշռված դերակատարում եք ունեցել, և ես այդ պահվածքը շատ բարձր եմ գնահատում, և այս ԱԺ-ում, այո՛, կառավարման ու տնտեսվարման ձևի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք տեսել եմ որպես ԱԺ պատգամավոր», - եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը: