16/11/2018 18:40
Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնվել են այն իրավիճակում, երբ հարկավոր է կամ հրաժարվել Եվրամիությունից իրենց երկրի խոստացված դուրս գալուց (Brexit), կամ համաձայնել անխուսափելի տնտեսական աղետին, որը տեղի կունենա ԵՄ-ի հետ կապերը խզելու դեպքում: Նման կարծիքը հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը։
«Բրիտանացի այն քաղաքական ղեկավարների առջև, որոնք հանդես էին գալիս Brexit-ի օգտին, այժմ ընտրություն է ծառացել իրենց անհեթեթ քաղաքական խոստումից հրաժարվելու և տնտեսական աղետի միջև, որի հենց առաջին զոհը կդառնա բրիտանացի ժողովուրդը»,- հայտարարել է նա Փարիզում՝ ելույթ ունենալով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ապագային նվիրված խորհրդաժողովում:
Նոյեմբերի 14-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետը համաձայնեցրել է Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքի նախագիծը: Արդեն հինգշաբթի առավոտյան Մեյի թիմի միանգամից չորս անդամներ, այդ թվում՝ Brexit-ի գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և աշխատանքի ու թոշակների գործերի նախարար Էսթեր Մաքվեյը, իրենց պաշտոններից հրաժարական են տվել՝ ի նշան համաձայնագրի նախագծի հավանության արժանացած պայմաններին անհամաձայնության. նրանք այն համարել են չափազանց մեծ զիջում Բրյուսելին, ինչը հակասում է այն բանին, ինչի օգտին բրիտանացիները քվեարկեցին 2016 թվականին անցկացված հանրաքվեում: