16/11/2018 16:40
Facebook-ն անկախ մարմին է ստեղծելու անընդունելի կոնտենտի դեմ պայքարի համար
Ամերիկյան Facebook ընկերությունը մտադիր է ստեղծել անկախ մարմին, որը սոցիալական ցանցին օգնելու է պայքարել իր կարգերը խախտող հրապարակումների դեմ, հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
Անկախ մարմինը քննարկելու է սոցցանցի օգտատերերի գանգատները, որոնք արվում են Facebook-ի կանոնները խախտող հրապարակումների հեռացման կապակցությամբ: Նոր մարմինը պետք է հայտնվի 2019 թվականին:
«Հաջորդ տարի մենք պլանավորել ենք կոնտենտի վերաբերյալ որոշումների գանգատարկման նոր եղանակ ստեղծել անկախ մարմնում, որի որոշումները կլինեն թափանցիկ և կատարման համար պարտադիր: Այդ մարմնի նպատակը լինելու է մարդկանց ձայնի իրավունք տրամադրելու սկզբունքի պահպանումը և միաժամանակ մարդկանց անվտանգության ապահովումը», - ասված է Ցուկերբերգի պաշտոնական հայտարարության մեջ:
Facebook-ի ղեկավարը նշել է, որ սոցցանցը նախագծի մշակման վաղ փուլում է: Առայժմ հայտնի չէ, թե հատկապես ովքեր են ընդգրկվելու անկախ մարմնում, որի աշխատանքը, Ցուկերբերգի կարծիքով, թույլ կտա համոզվել, որ անընդունելի հրապարակումների հեռացման որոշումներն ընդունվում են ի շահ հասարակության: