16/11/2018 18:35
ԱՄՆ-ում առաջին ձյունն 8 մարդու կյանք է խլել
Միացյալ նահանգներում առաջին ձնատեղումները, որոնք գրանցվել են երկրի հյուսիսարևելյան և մի շարք կենտրոնական շրջաններում, առնվազն ութ մարդու կյանք են խլել, հայտնել է CBS հեռուստաընկերությունը:
Տեղական իշխանությունների տվյալով՝ ութ մարդ մահացել է ձնապատ կամ սառցակալած ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով. երեքը՝ Արկանզասի նահանգում, երկուսը՝ Միսիսիպիում, մեկական՝ Մերիլենդում, Օհայոյում և Ինդիանայում: Միսիսիպիում շրջվել է մի ավտոբուս, դրա 46 ուղևորներին բուժօգնություն է ցուցաբերվել, երկու կանանց փրկել չի հաջողվել:
Ձյուն է տեղացել ընդարձակ տարածքում, որտեղ 80 մլն մարդ է ապրում: Ձյան ծածկույթի հաստությունն առանձին շրջաններում հասնում է 20 սմ-ի: Մի շարք վայրերում պոկվել են էլեկտրահաղորդման լարերը: Մոտ 300 հազար ամերիկացիներ առանց էլեկտրականության են մնացել, այդ թվում՝ Վիրջինիայում, Օհայոյում, Քենթուքիում և Ինդիանայում:
Եղանակի պատճառով ավիաընկերությունները մոտ 1600 չվերթ են չեղարկել, հիմնականում՝ Նյու Յորքի շրջանում: Եվս ավելի քան 5 հազար չվերթներ հետաձգվել են: