16/11/2018 12:44
Արմեն Ավակ Ավակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
«Բիզնես Արմենիա»-յի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զբաղեցրած պաշտոնից ազատման դիմումը պաշտոնապես ներկայացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, հայտնում են Հանրային կապերի թիմից։
Նախապատրաստվում են առաջիկա նիստի փաստաթղթերը։
«Մամուլում հրապարակված մեկնաբանությունը, թե «կառավարությունն ազատվում է Կարապետյանի «ժառանգությունից»», չի բխում Բիզնես Արմենիա հիմնադրամի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, քանի որ հոգաբարձուների խորհորդը շուրջ մեկ ամիս առաջ է հաստատել հիմնադրամի նոր կառուցվածքը և տեսլականը։
Բիզնես Արմենիա հիմնադրամը հորդորում է զերծ մնալ կառույցը քաղաքականացնելու փորձերից, քանի որ դա չի նպաստի ներդրումների խթանման մեր երկրի օրակարգը։
Իրականությանը չի համապատասխանում նաև «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակված «տեղեկությունը», թե «Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը, ի դեպ, տևական ժամանակ է՝ անվանափոխվել է Բիզնես Արմենիայի, ստեղծվել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից»։
Իրականում, Բիզնես Արմենիան (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Հիմնադրամը ժամանակին ստեղծվել է նմանատիպ առաքելությամբ գործող 3 այլ կառույցների օպտիմալացման արդյուքնում»,-ասված է հաղորդագրությունում։