16/11/2018 12:10
Գալուստ Սահակյանը գրանցվեց, քվորում ապահովեց, բայց չմասնակցեց նախագծերի քվերակությանը՝ տապալելով որոշների ընդունումը
Ազգային ժողովում այսօր հնարավոր եղավ ուշացումով քվորում ապահովել, մինչդեռ քվեարկության դրված նախագծերի մեծ մասը տապալվեց, քանի որ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:
Մասնավորապես, քվեարկությանը չէր մասնակցում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, ում գրանցումից հետո հնարավոր եղավ ապահովել 53 պատգամավորի ներկայություն և նիստը մեկնարկեց:
Սահակյանը նախ չմասնակցեց «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քվեարկությանը, որի արդյունքում 51 կողմ, 1 ձեռնպահ ձայներով նախագի]ը չընդունվեց: ԱԺ նախագահը ճշտեց Գալուստ Սահակյանից արդյոք նա քվեարկել է և տեխնիկական պատճառով քվեարկությունը չի գրանցվել, թե չի ցանկացել քվեարկել: Գալուստ Սահակյանը հաստատեց, որ չի քվեարկել:
Այնուհետև քվեարկության դրվեց «Ելքի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի գովազդի հեռարձակումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով: Այս խաղերի գովազդը նախագծի ընդունման դեպքում թույլատրվելու էր իրականացնել գիշերային ժամերին՝ 23:00-06:00-ը: Հրաչյա Հակոբյանը հորդորեց Գալուստ Սահակյանին այս անգամ մասնակցել քվեարկությունը և կարևորել օրենքի նախագծի ընդունումը:
Մինչդեռ դահլիճում ներկա պատգամավորներից նորից միայն Գալուստ Սահակյանը չմասնակցեց քվեարկությանը և 52 կողմ ձայնով նախագիծը չընդունվեց: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պահանջեց վերաքվեարկության դնել օրենքի նախագիծը, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբալոյանը հրաժարվեց՝ նշելով. «Ես կարող եմ դնել վերաքվերակության, եթե չքվեարկած պատագամավորը հայատարարի, որ չի ստացվել քվեարկել: Եթե չի հայտարարում, ուրեմն պրիցիպիալ չի քվեարկել: Ես չեմ կարող ճնշել պատգամավորին»:
Հաջորդիվ քվերակության դրվեց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այս անգամ էլ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց գործընկերներին քվեարկել:
«Հորդորում եմ բոլոր ընկերներին, ովքեր հումորի համար են նստել դահլիճում, հասկանալ, որ ՀՀ բոլոր կալանավայրերում հետևում են այս քվեարկությանը», - ասաց նա:
Մինչդեռ Գալուստ Սահակյանը այս անգամ ևս տեղի չտվեց ու չմասնակցեց քվեարկությանը: Ավելի ուշ դահլիճը լքեցին նաև մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ, ինչը անհնար դարձրեց հետագա նախագծերի ընդունումը:
Սա առաջացրեց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների զայրույթը: