16/11/2018 17:46
1.8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խաղողի կադաստր կստեղծվի
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի նախագահությամբ։
Նիստի սկզբում Գեղամ Գևորգյանը ողջունել է խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ նրանց մաղթելով արդյունավետ աշխատանք և համառոտ ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։
Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը։ Մասնավորապես օրակարգի առաջին հարցով հաստատվել է նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանին խորհրդի քարտուղար նշանակելու վերաբերյալ առաջարկությունը։
ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը ներկայացրել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման 1.8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագիրը։
Նա նշել է, որ առաջիկայում տեղի կունենա միջազգային խորհրդատուների ընտրությունը և կտրվի ծրագրի մեկնարկը, որի նպատակն է տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակման համար անհրաժեշտ կարողությունների զարգացումն ու ներդրումը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում։
Ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն նաև խաղողի կադաստրի ստեղծման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին և առկա խնդիրներին, մասնավորապես «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր» բաղադրիչի ներքո ընտրված համայնքների կողմից աշխատանքների համաֆինանսավորմանը վերաբերող խնդիրների լուծման ուղիներին՝ շեշտադրելով այդ հարցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ առավել արդյունավետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցեր ևս։