19/11/2018 12:41
ՀՅԴ-ն իշխանության մաս կազմեց կառավարության հետ, ճանապարհի կեսին որոշեց ընդդիմություն դառնալ. Վահրամ Բաղդասարյան
Առանց լուրջ հետևություններ անելու՝ իշխանության մաս կազմեցին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով նախկին կոալիցիոն գործընկեր Դաշնակցության մասին:
«Մեծ հարգանք ունենալով ՀՅԴ նկատմամբ` կոալիցիոն մեր գործընկները հենց առաջին օրը՝ իշխանափոխության ժամանակ, առանց լուրջ հետևություն անելու, դրա ջատագովն էին: Իշխանության մաս կազմեցին կառավարության հետ, ճանապարհի կեսին ինչ-ինչ պատճառներով որոշեցին ընդդիմություն դառնալ, հետո ճանապարհի կեսցից չգիտեն՝ ինչպես կողմնորոշվել: Նման ձևով ընդդիմություններ չեն ձևավորվում», - ասաց նա:
Վահրամ Բաղադասրյանն ընդգծեց, որ այս հարցում չկողմնորոշված լինելը միայն Դաշնակցությանը չէ, որ հատուկ է: Բաղդասարյանը կոչ արեց հիշել, թե ինչպես էին իշխանափոխության օրերին մի շարք քաղաքական ուժեր Նալբանդյան, Ամիրյան և Աբովյան փողոցներում կանգնած սպասում՝ հասկանալու, թե իջնեն, թե բարձրանան, միանան, թե ոչ:
«Հենց ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կամաց իջնում էին, հենց նախորդ իշխանության կողմից կոշտ հայտարարություն էր լինում, հետ էին գնում, իսկ ամսի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքը լինի: Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին մի մասին` «դու մեզ պետք չես», մյուսի վզից քաշում էին՝ «արի, դու մեզ կարող ա պետք լինես»: Այդպե՞ս են իշխանություն և ընդդիմություն կազմում», - հավելեց նա: